ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայ-վրացական ռազմական հակամարտության գործոններն ու սցենարները

Հայ-վրացական ռազմական հակամարտության գործոններն ու սցենարները
01.09.2009 | 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, հայ-վրացական սահմանում` Բավրա սահմանային գյուղի մոտ, վրացական սահմանապահները փորձում են վերահսկողության տակ վերցնել հայկական տարածքը։ Սա այն դեպքում, երբ պետական սահմանի դեմարկացիայի հարցը երկու երկրների միջև շարունակում է քննարկվել։ Այսպիսի սադրանքները, սովորաբար, կազմակերպվում են ոչ թե որոշակի լոկալ նպատակներով, այլ պայմանավորված են բազմաքայլ քաղաքական սցենարների առկայությամբ։
Արտաքին դիտորդները, որքան էլ լավ տեղեկացված լինեն, ընդունակ չեն հասկանալու Վրաստանի իրական վիճակը, որ հասունացել է 2008-ի ամռանից, այսինքն` ռուս-վրացական պատերազմից հետո։ Անցած տարին քիչ բան է բերել այդ երկրին, ու ամենակարևորը` հաստատվեցին վրացական հասարակության սարսափելի կասկածները, թե ներկայիս աշխարհում չկան հետաքրքրություններ ու մտադրություններ Վրաստանին իր կորսված նահանգները վերադարձնելու։ Եթե նախկինում, այդ պատերազմից առաջ բազմաթիվ վրացական ինտելեկտուալներ հնարավոր էին համարում և կարող էին իրենց թույլ տալ միանգամայն օբյեկտիվ գնահատականներ, որ Աբխազիան ու Հարավային Օսիան ամենևին էլ Վրաստանի համար առաջնահերթ խնդիրներ չեն, ապա այժմ առաջացել են նոր և առանձնապես ո՛չ բարենպաստ սպասումներ։ Եթե անգամ տարբեր քաղաքական խմբավորումներ դեռևս փորձում են պարզել այս հարցի լուծման ուղիները, այդ թվում` Ռուսաստանի հետ երկխոսության արդյունքում, ապա երկրի քաղաքական ղեկավարությունն այլևս չունի որևէ պատրանք և գլխավոր նպատակին` տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի արմատական փոփոխության հասնելու համար պատրաստ է ցանկացած քայլերի։ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այցը Թբիլիսի, լայնածավալ ռազմատեխնիկական և տնտեսական աջակցությունը Վրաստանին չեն կարող չոգևորել վրացական քաղաքական գործիչներին։ Ներկայումս Վրաստանը չարացած է, չի տեսնում իրական հեռանկար քաղաքական բանակցությունների և որոշումների առումով ու պատրաստ է շատ բանի, գուցե և ամեն ինչի, որ կարող է հանգեցնել «երրորդ» տերությունների ներքաշմանը ռուս-վրացական նոր հնարավոր ռազմական հակամարտության մեջ։
Մինչդեռ ամերիկացիներին պատերազմ պետք չէ, նրանք ավելի լայնածավալ խնդիրներ ունեն Հարավային և Կենտրոնական Ասիայում ու նրանց անհրաժեշտ է այս տարածաշրջանում առավելագույն կառավարելիություն։ Թեպետ կառավարելիությունն ու կայունությունը տարածաշրջանային ձևաչափում բոլորովին էլ նույն բանը չեն։ Ամերիկյան առաջնահերթությունները, նպատակներն ու տեխնոլոգիաները Հարավային Կովկասում վաղուց ուսումնասիրված են, հասկացված և կասկածներ չեն հարուցում։ Վրաստանի ներկա դրությունը միանգամայն բարենպաստ է ԱՄՆ-ի համար. Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրները դուրս են նետված իրական քաղաքական օրակարգից, ընդ որում, առանց ԱՄՆ-ի համար որևէ պատասխանատվության։ Ձևավորվել են հասկանալի խաղի կանոններ` Ռուսաստանի դիրքորոշման ու գործողությունների շրջանակում` նկատի ունենալով ԱՄՆ-ին անհրաժեշտ էներգետիկ անվտանգության և ռազմական տրանզիտի ապահովումը։ Մի խոսքով, տարածաշրջանում որոշակիացված են իրատեսական և ոչ թե վիրտուալ գործառույթներն ու խնդիրները։ Ռազմավարության, հետաքրքրությունների ու նպատակների այս «մատրիցան» վերամշակվում է ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր տողերով ու սյունակներով, որոնք իրենց բովանդակության հակասականությամբ հանդերձ ենթադրում են համագործակցություն ԱՄՆ-ի համար առաջնահերթ ուղղություններով։ Եվրոպական հանրության և ամենից առաջ առաջատար եվրոպական պետությունների ու Ռուսաստանի հարաբերությունները վերելք են ապրում։ Ընդ որում, եվրոպացիները լոկոմոտիվի դեր են խաղում տարբեր բնագավառներում ու ոլորտներում ընդհանուր սխեմա մշակելու և կոնկրետ նախագծեր իրագործելու առումով։ Բարենպաստ նախաձեռնությունների սպասումները Եվրամիության քաղաքականությունից, այդ թվում` Նիկոլա Սարկոզիի խոստումների առումով, գործնականում սպառված են, քանի որ եվրոպացիները հաջողությամբ ամերիկացիներին «մատնացույց» արեցին իրենց քաղաքականության ապակառուցողականությունը Հարավային Կովկասում, այդքան սուր իրավիճակները կարգավորելու անընդունակությունը և միաժամանակ ազդանշաններ հաղորդեցին Ռուսաստանին, որ ռուս-եվրոպական համագործակցությունն այլընտրանք չունի որպես Ռուսաստանի համար «արևմտյան ակումբի» անդամ դառնալու միջոց։ ԱՄՆ-ի քաղաքականությունը ղարաբաղյան հիմնախնդրի առումով նույնպես հաստատում է, որ ամերիկացիներին այս փուլում ամենից ավելի ձեռնտու կլիներ տարածաշրջանային իրադրության կոնսերվացումը։
Միաժամանակ 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմն ամերիկացիների համար ի հայտ բերեց շատ գնահատելի և հետաքրքիր իրողություններ, որոնք պայմանավորված են նրանց համար այդ ռազմական հակամարտությունից քաղած օգուտներով։ ԱՄՆ-ին միանգամայն ձեռնտու էր Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների ձևաչափը, ինչի արդյունքում չխախտվեցին էներգետիկ և ռազմական տրանզիտի կարգն ու տեխնիկական տարրերը, կասկածի տակ չդրվեց վրացական պետության գոյությունը, բռնություններ չգործադրվեցին բնակչության նկատմամբ, ինչպես նաև չեղան զգալի ավերածություններ։ Եվ ամենակարևորը, ի հայտ չեկան փաստարկներ այդ հակամարտությանն արտաքին ռազմական միջամտության համար։
Սակայն այդ իրադարձությունները հանգեցրին ԱՄՆ-ի համար նոր փաստարկների ի հայտ գալուն` ՆԱՏՕ-ի գործընկերների և եվրոպական պետությունների հետ երկխոսության մեջ, մասնավորապես, Սև ծովի ավազանում և հարակից տարածաշրջաններում ամերիկացիների ռազմական ներկայությունն ուժեղացնելու առումով։ Նկատի ունենալով ԱՄՆ-ի այդ արմատական շահերը, կարելի է ենթադրել, որ ամերիկացիները միգուցե և կցանկանային կրկնել Հարավային Կովկասում Ռուսաստանին սուր հակամարտության մեջ ներքաշելու փորձարարությունը, ինչի արդյունքում հնարավոր է ի հայտ գան ԱՄՆ-ի նոր նախաձեռնություններն իր ռազմական ներկայության ամրապնդման և այդ հակամարտության մեջ եվրոպացիներին ներքաշելու առումով։ Դա բոլորովին չի հակասում այն քաղաքական դրական տեղաշարժերին, որ տեղի են ունեցել ռուս-ամերիկյան հարաբերություններում, և ԱՄՆ-ի առաջնահերթություններին` տարածաշրջանում կառավարելի կայունություն ապահովելու տեսանկյունից։ ԱՄՆ-ի դիրքորոշումը տարածաշրջանների վերաբերյալ, այդ թվում` Հարավային Կովկասի, հնարավոր չէ դիտարկել առանց «ռիսկերի հիերարխիայի և այդ ռիսկերից առաջացող արդյունքների»։ ԱՄՆ-ին պետք չէ բացարձակ կայուն տարածաշրջան, քանի որ բացարձակ կայունությունը կհանգեցնի նրա, ինչպես նաև Ռուսաստանի գործառույթների սպառմանը։ Ամերիկյան ու բրիտանական վերլուծական հաստատությունները հիանալի հաշվարկել են անկայունության և ռիսկերի անվտանգության աստիճանը։ Պետք է հասկանալ, որ ռիսկերի բովանդակությունը և արդյունքները դիտարկվում են ընդհանուր դինամիկայի մեջ և պայմանավորված են նախկին ու նոր պայմաններով ու գործոններով։ Ասենք, նույն օբյեկտի (նավահանգստի, օդանավակայանի, կապի, տրանսպորտային հանգույցների, էներգակոմունիկացիայի, էթնիկական կամ այլ տարածաշրջանի սոցիալական գործընթացի) նկատմամբ ռիսկերի մակարդակը զգալիորեն փոխվում է նույնիսկ առավելագույնս կարճ ժամկետներում։ Կառավարելի ռիսկերի առկայությունն արդյունավետ ու բարձր տեխնոլոգիական քաղաքականության ցուցանիշ է։ Այսպես թե այնպես, 2008-ի ամռանը Ռուսաստանին ռազմական հակամարտության մեջ ներքաշելու հարցում ամերիկյան շահերը հնարավոր չէ բացառել, եթե այդ պայմաններում տարածաշրջանում ստեղծված «ամերիկյան ռազմավարական միջանցքը» մնում էր վտանգից դուրս։
Սա, անշուշտ, ամբողջ սցենարի բացահայտումը չէ, եթե ուշադրություն չդարձնենք այն հանգամանքին, որ Հարավային Կովկասում ռազմական հակամարտությունը կարող է հանգեցնել ռուս-եվրոպական հարաբերությունների փլուզման, ինչը շատ է մտահոգում ամերիկացիներին։ ԱՄՆ-ի համար որոշակի, թեկուզ և անավարտ ու ոչ այնքան սկզբունքային ֆրանս-գերմանա-ռուսական դաշինքի գոյությունը` մայրցամաքային Եվրոպայի շատ պետությունների աջակցությամբ, պարզապես մղձավանջ է։ Այդ առայժմ վիրտուալ դաշինքի փլուզումն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականության կարևորագույն ուղղությունն է։
Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում մոտ հեռանկարի կտրվածքով միանգամայն հասկանալի են։ Կասկած չկա, որ Ռուսաստանը չէր առարկի Հայաստանը Վրաստանի հետ ռազմական հակամարտության մեջ ներքաշելուն։ Ռուսական գլխավոր շտաբը և, հետևաբար, երկրի քաղաքական ղեկավարությունը շատ լավ հասկանում են, որ քիչ թե շատ ծավալուն հայ-վրացական ռազմական կոնֆլիկտի դեպքում, հայկական զինված ուժերն առանց դժվարության կգրավեն զգալի և աշխարհաքաղաքական առումով կարևոր վրացական տարածքներ, հնարավոր է հարցականի տակ դրվի կարևորագույն կոմունիկացիաների վերահսկողությունը։ Ամեն դեպքում Սամցխե-Ջավախեթիի և այլ հայաբնակ տարածաշրջանները երկարաժամկետ, իսկ միգուցե հավերժ մնան Հայաստանի վերահսկողության ներքո։ Ընդ որում, սկզբունքային կարևորություն ունի այն, որ Վրաստանը հանդես գա և միջազգային հանրության կողմից ճանաչվի իբրև ագրեսոր։ Հետագա քայլը կլինի վրացական պետականության քայքայումը կամ տրանսֆորմացիան։ Ռուսաստանի համար շատ կարևոր է վերացնել ԱՄՆ-ի վերահսկողությունը «ամերիկյան միջանցքի» և Վրաստանի սևծովյան նավահանգիստների վրա, ինչպես նաև Թբիլիսիում այսօր կառավարող ռեժիմի հեռացումն իշխանությունից։ Ռուսաստանին չի մտահոգում Ադրբեջանի հնարավոր ընդգրկումը պատերազմի մեջ, քանի որ Հայաստանը, դիմանալով երկու ճակատով պատերազմին, ըստ էության, կդառնա Ռուսաստանի արբանյակը` նույնիսկ պաշտոնապես։ Ընդ որում, Ռուսաստանն արդեն ինքը կսկսի վերահսկել կարևոր աշխարհաքաղաքական կետերը ներկայիս Վրաստանում։ Հայաստանի հաղթական պատերազմը Վրաստանի և Ադրբեջանի նկատմամբ կհանգեցնի նրա միջազգայնորեն ճանաչված պետականության կորստին նույն Ռուսաստանի քաղաքականության արդյունքում, որն այդպիսի սցենարը դիտարկելու է իբրև ողջ Հարավային Կովկասի «ինկորպորացման» հուսալի ճանապարհ։ Եվրոպական պետությունները հազիվ թե Ռուսաստանի քաղաքականությանը հակադրվելու բավարար փաստարկներ ունենան, քանի որ նա կլինի միակ գործուն ուժը, որն ընդունակ է ռազմական գործողությունները դադարեցնելու և հաստատելու հարաբերականորեն կայուն դրություն։
Հարավային Կովկասում լարվածության աճի ևս մեկ գործոն կա, որը, իհարկե, կարող են օգտագործել Վրաստանն ու Ադրբեջանը։ Բարաք Օբամայի վարչակազմը փորձում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և վերացնել հետագա ռազմավարական համագործակցության խոչընդոտները։ Այդ փորձերը շատ բանով պայմանավորված են Ջորջ Բուշի արտաքին քաղաքականության տապալվածությունն ընդգծելու ցանկությամբ։ Միաժամանակ Պենտագոնում համարում են, որ ամերիկա-թուրքական համագործակցության հնարավորությունները բոլորովին էլ սպառված չեն։ Կա լիարժեք վստահություն, որ մի քանի ամիս անց թուրք-ամերիկյան հարաբերություններն ավելի կվատանան, որովհետև պրոբլեմները մնում են և չեն չեզոքացվում։ Վաշինգտոնում հուսով են, որ Թուրքիան արդեն դաժան դասեր է ստացել ու հասկացել, որ չպետք է ԱՄՆ-ի հետ բանավիճել այդպիսի անընդունելի ռեժիմում։ Սակայն պրոբլեմներն ավելի խորքային ու սկզբունքային են, ԱՄՆ-ը հարկադրված կլինի շարունակել Թուրքիային զսպելու և նրան վերահսկելու քաղաքականությունը։ Ներկայումս ամեն տեսակի նախաձեռնությունները հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ցույց տվեցին ոչ միայն Վրաստանին, այլև շատ այլ պետությունների Հայաստանի թուլությունն ու խոցելի դրությունը։ Միաժամանակ թուրքական գործոնը հենց այդ նախաձեռնությունների շնորհիվ ավելի ծանրակշիռ դարձավ Հարավային Կովկասում։ Անկասկած է, որ Թուրքիան ազդանշաններ է հաղորդել Վրաստանին Հայաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու հնարավորության մասին։ Իզուր չեն ԶԼՄ-ներում հայտնվում վրացական հեղինակների հոդվածները` ղարաբաղյան հարցի քննարկումներում Վրաստանի հնարավոր մասնակցության մասին։
Բայց առայժմ իրավիճակը կառավարում է Վրաստանը` ազդակներ ստանալով և օգտվելով Վաշինգտոնի աջակցությունից` Հարավային Կովկասում ռազմական հակամարտություն հրահրելու ցանկալիության առումով։ Ամենից առաջ Վրաստանը շահագրգռված է հնարավոր պատերազմի մեջ Ադրբեջանի ու Թուրքիայի ընդգրկմամբ։ Դա ոչ միանշանակ, բայց միանգամայն իրական խնդիր է, մասնավորապես, Ադրբեջանի մասով։ Ադրբեջանում բազմաթիվ քաղաքական գործիչներ, նաև քաղաքական ղեկավարությունը, վստահ են, որ երկիրը պատրաստ է պատերազմի, ինչին չեն կարող համաձայնել զինվորականները։ Սակայն անցյալ տարվա իրավիճակը ցույց տվեց, որ հայ-վրացական հակամարտության առաջացման դեպքում Ադրբեջանը կարող է փորձել վերսկսել ռազմական գործողությունները։ Հարկ է ուշադրություն դարձնել, որ Վրաստանը վերջին շաբաթներին մշտական սադրանքներ է հրահրում Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ սահմաններում։ Վրացական ղեկավարությունն առաջվա պես համոզված է, որ տարածքային հարցերը հնարավոր է լուծել միայն ուժային ճանապարհով, բայց այս անգամ պատրանքներ չունի սեփական հնարավորությունների վերաբերյալ։ Ռազմական հակամարտության հեռանկարը պայմանավորվում է բացառապես մեր տարածաշրջանային պատերազմի հնարավորությամբ` տարածաշրջանի պետություններից Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ներքաշումով։ Այն հույսով, որ դա կհանգեցնի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի մուտքին տարածաշրջան։ Այդպիսի իրավիճակում ԱՄՆ-ը բոլոր հիմքերը կունենա ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից վճռական գործողություններ պահանջելու և որոշում կայացնելու տարածաշրջան, ամենից առաջ հակամարտությունների գոտիներ զորք մտցնելու վերաբերյալ։ Վրաստանը կորցնելու բան չունի, նա շատ բան է կորցրել ոչ միայն տարածքների, այլև աշխարհում նախկին դիրքի, հատկապես եվրոպական երկրներում ընկալվելու առումով։ Վրաստանը կորցրել է ՆԱՏՕ և Եվրամիություն մտնելու հեռանկարները, կորցնում է նաև «ամերիկյան միջանցքի» բաղադրիչներն ամրապնդելու հեռանկարը, նկատի ունենալով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և շեշտադրումների փոփոխությունը Հարավային Կովկասից դեպի Կենտրոնական Ասիա։ ԱՄՆ-ին, իհարկե, անհրաժեշտ է ամրապնդել Վրաստանը, նրա իշխանությունների և տնտեսության վիճակը, որպեսզի չսկսվեն «ինքնակամ» գործընթացներ և կասկածներ չառաջանան «ամերիկյան միջանցքի» վերաբերյալ։ Բայց դա առավելագույնն է, ինչի վրա կարող է հույս դնել վրացական ղեկավարությունը։ Վրացական ժողովրդավարության «աստեղային ժամն» անցավ, և ապագայում նա հարկադրված է լինելու տարածաշրջանի «շարքային» պետության աննախանձելի գոյությունը քարշ տալ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պատմական պարտություն, ինչի հետ, ամենայն հավանականությամբ, հաշտվել է վրացական քաղաքական դասակարգի մի մասը, բայց չի հաշտվել ներկայումս կառավարող «փորձարկված դեմոկրատների» միավորումը։ Դրա հետ հաշտվել չի ցանկանում վրացական հասարակության և երիտասարդ սերնդի մի մասը, և դա ապահովելու է կառավարող ռեժիմի հուսալի սոցիալական բազա։
Բայց այս ամենը «մաքսիմում ծրագիրն» է Վրաստանի չափազանց խելոք ղեկավարության։ Իբրև «մինիմում ծրագիր» պետք է նկատի ունենալ Վրաստանի ցանկությունը սահմանագիծ քաշելու Սամցխե-Ջավախեթիի և ընդհանրապես վիրահայերի խնդիրների հետ կապված երկխոսության մեջ Հայաստանի հետ։ Հայաստանի տարածքի մի մասի զավթումը կնշանակի ոչ այլ բան, եթե ոչ Հայաստանի քաղաքական ու ռազմական թուլության և նրա ղեկավարության անընդունակության ցուցաբերում, երբ Սամցխե-Ջավախեթիի հայերը հարկադրված կլինեն «հրաժեշտ» տալ իրավունքների և իրենց բուն գոյության պաշտպանության հույսերին Վրաստանի իրավասության ներքո։ Վրաստանը շատ տարիներ բացահայտ խտրականության քաղաքականություն է վարում հայ բնակչության նկատմամբ, անտեսելով մայրենի լեզվի օգտագործման նրա իրավունքը, չգրանցելով Հայ առաքելական եկեղեցին և շատ այլ բաներ։ Միաժամանակ Թբիլիսիում հասկանում են, որ Վրաստանի իշխանություններին չի հաջողվել կոտրել հայերի դիմադրությունը և հարկադրել հաշտվել երկրորդ «սորտի» մարդ լինելու հեռանկարի հետ։ Հայկական բնակչությունը բավական կազմակերպված է և շարունակում է իր պահանջներն առաջադրել վրացական իշխանություններին, որ այս կամ այն ձևով ոչ միայն սոցիալական են, այլև քաղաքական, այսինքն` ինքնավարության տրամադրման պահանջ։ Արևմտյան հանրությունը դեռևս չի պատրաստվում արձագանքելու Սամցխե-Ջավախեթիի հիմնախնդրին, բայց Թբիլիսիում հասկանում են, որ դա հավերժ չի շարունակվելու։ Վրաստանը վերջին տարիներին շատ բան շահեց, բայց միաժամանակ իր համար պարզեց, որ չի կարողացել հասնել Ջավախքի հայերի կապիտուլյացիային և, չնայած ուժեղ ճնշմանը, հետագա հաջողության որևէ հույս չկա։ Վրաստանի ղեկավարությունը հասկացել է, որ անհրաժեշտ է հանգուցալուծել այս բանավեճը և, հավանաբար, որոշում ընդունել մի քայլով բացառել հայերի ցանկացած հետագա դիմադրությունը։
Ոչ վաղուց Վրաստանի նախագահը հանգուցալուծման համար ժամանեց Երևան և, հավանաբար, հետևություն արեց, որ նույնիսկ այսպիսի սադրանքին Հայաստանի նախագահը համարժեք չի պատասխանի։ Մինչդեռ սա մարտահրավեր է, շատ լկտի մարտահրավեր, և հետագա ռազմական էսկալացիան կանխելու համար անհրաժեշտ է գործել վճռականորեն։ Եթե Հայաստանն այս հարցում զիջի, ապա Ադրբեջանում այն անխուսափելիորեն կընկալվի իբրև նրա թուլություն` հետագա հետևանքներով։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1972

Մեկնաբանություններ